«Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը դարձել է «Թոմն ու Ջերին». անընդհատ բռնում, բաց են թողնում»

Mamul.am-ը գրում է.

«Այս ութ ամսվա ընթացքում կարելի էր շատ բան փոխել, շատ… կարելի էր անճանաչելի դարձնել Հայաստանը՝ թե՛ իրենց օրենքներով, թե՛ արդարության վերականգնմամբ: Ասում են՝ ժամանակ է պետք. ինչքա՞ն ժամանակ է պետք, չեմ հասկանում»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով թավշա, ոչ բռնի հեղափոխության մասին, կարծիք հայտնեց՝ ազատամարտիկ, ԱԻՄ կուսակցության անդամ Գագիկ Սարուխանյանը:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը, Գ. Սարուխանյանն ասաց, որ այն նման է հայտնի մուլտֆիլմին. «Այդ դատավարությունը հիշեցնում է «Թոմն ու Ջերին», երբ անընդհատ բռնում, բաց են թողնում: մի դրվագում էլ բաց չեն թողնում, ասում են՝ տեսա՞ք, էս մի անգամը բաց չթողեցին…Սակայն, Ռոբերտ Քոչարյանն իր վրա այնքան այլ հանցագործություններ ունի, որ Մարտի 1-ի գործը թույլ մեղադրանք է երևի: Նա գողոնը՝ իշխանութունը, գողացել է ժողովրդից և տվել է Սերժ Սարգսյանին: Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանն ազատ ման գալիս: Թե՞ Սերժ Սարգսյանի «դվայնիկը» չեն կարում ճարեն»:

Մանվել Գրիգորյանին ազատ արձակման վերաբերյալ էլ ազատամարտիկը կարծիք հայտնեց, որ նա պետք է ցմահ դատվի: «Հեղափոխությունն ունի չգրված օրենքներ: Այն վերնախավը, որը երկիրն այս վիճակին հասցրեց, բոլորին պետք է մեկուսացնեին, իշխանությանը մոտ չթողնեին, բայց արի տես՝ էնպես են խոսում, դեռ մի բան էլ մուննաթ են գալիս մեզ վրա: Հետո էլ ասում են՝ ժամանակ է պետք: Ինչի՞ համար է ժամանակ պետք»: