Պոնչն ու Կյաժը Բիձու հեռախոսը չեն պահի ֆիզռուկի սենյակում

Armdaily.am-ը գրում է. Բանակում տեղի ունեցող յուրաքանչյուր խնդիր մեր երկրին հետաքրքրող ամենակարևոր հարցերից է դառնում։ Մեզ համար բանակն այնքան կարևոր է, որ նույնիսկ «Ազգ-բանակ» հայեցակարգը ոչ թե արհեստական կերպով ի հայտ եկավ, այլ ուղղակի այն մեր վերաբերմունքի բառային ձևավորումն էր։ Բանակում ծառայող հարազատներ ու եղբայրներ ունեն գրեթե բոլորը և պարբերաբար նրանցից զանգեր ու լուսանկարներ են ստանում, միևնույն ժամանակ իմանալով, որ բանակում հեռախոս ունենալ չէր թույլատրվում։ Քիչ չեն բանակային գլուխգովան պատմությունները հեռախոսի լիցքավորիչը ենթասպաներից թաքցնելու վերաբերյալ։ Այդ պատմություններից յուրաքանչյուրը մի հերոսապատում է, որը հանգիստ կարող է մրցել բոլոր ժամանակների զինվորական պատմությունների հետ։ Եթե Սովետի թվին մարդիկ պարծենում էին տանկով «սամավոլկա» գնալու մասին հեքիաթներով, հիմա մեր տղաներից շատերը պատմում են, թե ինչպես են հակառակորդի տարածք հետախուզության գնացել, մտել ներս, շրթներկ քսել քնած ազերներին, սեղանից մի քանի բան վերցրել, վարդակից հանել լիցքավորիչն ու հեռացել։ Նման պատմությունները փոխանցվում են վաշտից վաշտ, գումարտակից գումարտակ, բակից բակ, «դեմբելից»՝ «մալադո»։ Այս պատմություններում հարց չի առաջանում, թե ինչու չեն նկարել շպարված ադրբեջանցիներին ու ինչու հենց լիցքավորիչը տարան հետները։ Առաջին հարցի պատասխանն անկեղծ չգիտենք, երկրորդինն այն է, որ մեր բանակում հեռախոսն արգելված է ու հնարամիտ ենթասպաները ոչ թե հեռախոսն են զինվորներից վերցնում, այլ՝ լիցքավորիչը, որ հեռախոսն այլևս չաշխատի․․․ Երեկվա նոր զորակոչի հայտարարություններից մեկը ոչ միայն կարող է իրական սպառնալիք դառնալ մեր անվտանգությանը, այլև մենք կկորցնենք բանակային կյանքի հրաշալի գոհարներ։ Նորակոչիկները, սկսած ձմեռային զորակոչից, իրենց հետ կարող են հեռախոս վերցնել և այն օգտագործել ծառայության ողջ ընթացքում, սակայն հեռախոսները պետք է չունենան տեսաձայնագրման հնարավորություն ։ Այլևս Պոնչն ու Կյաժը չեն պատմի, թե ինպես Կրակադիլի պարտյանկայով փաթաթեցին Սկիլետի հեռախոսն ու պահեցին ֆիզռուկի սենյակում։ Սա իսկապես շատ վտանգավոր նախաձեռնություն է, քանի որ հեռախոսների միջոցով այսօր ոչ միայն հնարավոր է դիսլակացիոն խնդիրներում կողմնորոշվել, այլև ամեն ինչ է հնարավոր։ Արտաքին անվտանգության խնդիրներից զատ, ներքին խնդիրներ էլ կառաջանան հաստատ, օրինակ լավ տղերքը կպարտադրեն համեստ տղերքին լիցքավորել իրենց հեռախոսները, համեստ տղերքն էլ բնականաբար չեն մերժի, որովհետև բանակում «պետքի վրով» բաները չեն մերժում։ Այս ողջ պատմության մեջ շահող կողմը կլինեն հեռախոսների վաճառքով զբաղվողները։ Եթե մինչ այս որոշումը Nokia 105, Nokia 106 ու նմանատիպ օգտագործված հեռախոսների գինը տատանվում էր 5000-6000 դրամի սահմաններում, ապա հիմա կարելի է գնել 8000 դրամից սկսած։ Բանակ ուղարկում են հիմնականում նման հեռախոսներ։