Ինչու է Փաշինյանը քաղաքապետարանում միայն «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ հանդիպել

Երեկ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այցելել է Երեւանի քաղաքապետարան: ԼՈՒՐԵՐ.com-ը տեղեկացավ, որ քաղաքապետարանում եղել է փակ նիստ, որին ներկա են եղել միայն «Իմ քայլը» խմբակցության անդամները:

Մեզ հետ զրույցում «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը հայտնեց, որ նիստը եղել ներկուսակցական, քանի որ Նիկոլ Փաշինյանը ցանկություն է հայտնել հանդիպելու ավագանու՝  իր քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ:

«Սա ներքին հանդիպում էր, որ մենք հասկանանք՝ ինչ պետք է անենք և՝ ոնց: Սա ոչ թե  Երևանի ավագանու, այլ հենց «Իմ քայլի» ավագանու անդամների հետ հանդպումն էր մեր առաջնորդի հետ: Դա ներքին աուդիտ էր և ներքին հաշվետվություն էր: Նիստի ժամանակ ընթացիկ հարցեր են քննարկվել. ինչպես են ընթանում գործերը, ինչ մարտահրավերներ ունի քաղաքը և այլն»,-ասաց Աբգարյանը:

Հանդիպման ժամանակ, սակայն, կոնկրետ որևէ խնդրի անդրադարձ չի եղել, պարզապես Նիկոլ Փաշինյանը ցանկացել է լսել իր քաղաքական ուժի ներկայացուցիչներին:

«Հիմնականում վարչապետը մեզ էր ցանկանում լսել: Ընդհանուր ամփոփել ենք մինչ այս արվածը և մեր հետագա պատկերացումը՝ ինչպես ենք աշխատելու»:

Իսկ նիստը երեկոյան կայացնելու նպատակը պայմանավորված է եղել աշխատանքային ժամ չլինելով, որպեսզի բոլորը կարողնանան ներկա լինել: