Նորակոչիկների ավտոբուսի միջադեպի դեպքով ինքնակամ ներկայացած անձը նորակոչիկի քեռին է, մյուսները՝ նրա հարազատները (տեսանյութ)

Armtimes.com-ը գրում է.  Երեկ նորակոչիկներին տեղափոխող ավտոբուսի վրա հարձակման դեպքով մեկ անձ ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը մեր զրույցում ասաց, որ այս պահին բերման ենթարկված կամ ձերբակալվածի կարգավիճակ ունեցող անձ չկա: Մեր տեղեկություններով՝ ինքնակամ ներկայացած անձը Եղվարդի բնակիչ 40-ամյա Գոռ Հակոբյանն է:

Նույն տեղեկություններով, ինքնակամ ներկայացածը ավտոբուսում գտնվողներից մեկի քեռին է, իսկ միջադեպի մյուս մասնակիցները նորակիչիկի հարազատներն են:

Դեպքի առթիվ երեկ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի հատկանիշներով (Խուլիգանություն): Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ դեպի հավաքակայան երթեւեկող ավտոբուսը շրջափակվել է քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ լցվել են ավտոբուս՝ կռվի նպատակով: Միջադեպի ընթացքում ոստիկանները բացակայում էին: «Նկարում են, մի արեք», — հայտարարում էին ավտոբուսը կանգնեցրած տղաները:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում էր կատարել միջադեպի վերաբերյալ՝ նշելով, որ ՊՆ-ն դատապարտում է միջադեպը: ՀՀ պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունն էլ հայտնել էր, որ հետևողական է լինելու միջադեպի` բարոյականության հետ խնդիրներ ունեցող մասնակիցների ինքնությունը պարզելու և օրենքով սահմանված կարգով ու միջոցներով պատասխանատվության ենթարկելու հարցում։ Ոստիկանությունն էլ իր հերթին պարզաբանել էր, որ Կոտայքի մարզի զորակոչիկներին տեղափոխող ավտոբուսը սահմանված կարգով ուղեկցվել է մինչև բնակավայրի ավարտը, այսինքն կարգի համաձայն՝ ոստիկանությունն այլևս չէր կարող շարունակել ուղեկցումը մինչև հավաքակայան։