«Դուխովները» եւ նրանց աներեւակայելի արկածները

Top-news.am-ը գրում է.

Այն, ինչ այսօր՝ հունվարի 8-ին Երեւանում տեղի ունեցավ նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ, մեր պետության ամոթն ու խայտառակությունն էր: «Դուխով» ստահակները հանդգնեցին կանգնեցնել նորակոչիկների ավտոբուսը, ներս մտան, հայհոյեցին, հոխորտացին:

Պարզ է, չէ, թե այս ամենը որ իրադարձությունների արձագանքն է: Միայն չասեք, թե բա լավ էր, որ նույնն անում էին Սերժի ժամանակ: Չասեք, քանի որ այն ժամանակ չէին համարձակվի, բայց ցանկություն կունենային:

Այնպես չէ, որ այս ամեոբանմաները առաջացան հենց հիմա կամ անցած տարվա ապրիլ-մայիսյան իրադարձություններից հետո: Նրանք կային նաեւ առաջ, բայց նման արարք անել չէին հանդգնի: Սրանք մեր երկրի ամոթն ու խայտառակությունն են, սրանք մեր ամոթն ու խայտառակությունն են:

Անշուշտ, այսօրվա խայտառակությունը չէր լինի, եթե չլիներ անպատժելիության, ամենաթողության մթնոլորտը, եթե կառավարությանը դռանը քացի տվողների գլուխը չշոյեին ու չասեին՝ իրենց կառավարության դուռն է, ինչ կուզեն, կանեն: Հիմա էլ ասեք, թե իրենց նորակոչիկների ավտոբուսն է՝ ինչ ուզել, արել են:

Եւ մեղավորը միայն կառավարությունը չէ, կամ խնդիրը միայն կառավարության մեջ չէ: Եթե մենք հանդուրժում ենք նորաթուխ պաշտոնյաների անհասկանալի ճոխ քեֆերը, այն դեպքում, երբ մենք ունենք ռազմաճակատի գիծ, որտեղ կանգնած են մեր 18-20 տարեկան տղաները, եթե հանդուրժում ենք Երեւանի կենտրոնում անկապ եւ անիմաստ վզվզացող ավտոմեքենաները, որոնցից լսվում են մեղմախառը բարձր երաժշտություն, ապա պետք է ընդունենք, որ մենք բոլորս պատասխանատվություն ունենք այսօրվա խայտառակության համար:

Այսօրվա իրականությունն այն է, որ մեկուկես օր փողոց փակածների մի հսկա զանգված իրեն նույնացնում է Նիկոլ Փաշինյանի հետ: Նույնացնում է եւ համարում, որ հիմա ինքը պետք է անի այն, ինչ նախկինում անում էին նրանք, որը վաղուց նյարդայնացնում էր մեր հանրությանը: Եւ հենց այս «դուխովները» այսօր շատ պարզ եւ հստակ ցույց տվեցին մեր հասարակության եւ պետության բացերը:

Նրանց բոլորի դեմքը պարզ երեւում է: Նրանք բոլորը պետք է պատժվեն, քանի որ նրանց արածը սովորական խուլիգանություն չէ: Մենք կառաջարկեինք ներել նրանց, եթե այս կամ այն պատճառով ջարդեին բանկերի կամ պետական գրասենյակների ապակիները: Նրանք սովորական ավտոբուս չեն ներխուժել: Նրանք դիվերսիոն հարձակում են իրականացրել մեր բանակի դեմ: Սա մեր բոլորի պատվի հարցն է: Նրանց մղումները որեւէ նշանակություն չունեն: Վերջին հաշվով ադրբեջանցի դիվերսանտներն էլ կարող է ասեն, թե մտադիր էին գրկախառնվել հայ զինվորների հետ:

Բանակի դեմ ցանկացած ոտնձգություն պետք է խիստ պատասխան ստանա: Հիմա պետության եւ հասարակության արձագանքը, վերաբերմունքը, կոնկրետ գործողությունները ցույց կտան մեր հասունության աստիճանը:

Վերջին հաշվով այս  «դուխովները» վաղը կամ մյուս օրը հայտնվելու են զինված ուժերում եւ փորձելու են իրենց պահվածքը պարտադրել մյուսներին՝ կրկին հարված հասցնելով մեր զինված ուժերին: 

Մենք պետք է հասկանանք, որ մեր հասարակության եւ պետության գլխավոր խնդիրը սուտն ու կեղծիքն է: Մենք պետք է քաջություն ունենանք եւ ընդունենք, որ մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք անգամ իրենց անունը եւ ազգանունը չեն կարողանում ճիշտ գրել կամ անգամ գրել չգիտեն: Մենք պետք է ընդունենք, որ մեծացել է մի սերունդ, որն ունի անհասկանալի արժեհամակարգ, որտեղ հարգանքը մեծ եւ պետության նկատմամբ բացակայում է, որտեղ սերը ընկերոջ, հարեւանի նկատմամբ բացակայում է:

Բանակի հրամկազմից հրաշքներ պահանջող ծնողները պետք է նախ զսպեն իրենց կողքին աճող եւ մեծացող անհասկանալի եւ արդեն վտանգավոր դարձող զանգվածին եւ օգնեն նույն հրամկազմին, որ բանակում կարգուկանոն հաստատեն:

Մեր բոլորի թիվ մեկ խնդիրն է սրանց իրենց տեղը դնելը, հակառակ դեպքում մենք՝ պետությունը կպարտվի:

Սրանց նմաններին կարգի հրավիրելը, զսպելը ազգային անվտանգության խնդիր է: Սրանց նմաններին կրթելը, դաստիարակելը թիվ մեկ խնդիր պետք է դառնա, եթե մեր հասարակությունը դեռ ունակ է մաքրվելու, ուժեղանալու եւ առաջ շարժվելու:

Հիմա սպասում ենք իրավապահ մարմինների, պետության արձագանքին: Հիմա արդեն պարզ կդառնա, թե ինչ է մտածում այս ամենի մասին պետության այսօրվա ղեկավարությունը: 

Մենք երբեք չէինք տեսել, որ կաթողիկոս քաշքշեն, մենք երբեք չէինք տեսել, որ «լակոտները» համարձակվեն նորակոչիկներ տեղափոխող ավտոբուս կանգնեցնել եւ ներխուժել այնտեղ: Չէինք տեսել, բայց տեսանք: Եւ հիմա ճիշտ պահն է, երբ տեսնենք, թե ինչ պատասխան է տրվելու այս ամենին:

Եւ եթե այս «դուխովները» անպատիժ մնան կամ բավարարվեն տուգանքներով, ապա մենք մեզ ստորացված կզգանք, մենք կհասկանանք, որ պետությունը հենց սրանց կողքին է, եւ ոչ թե նրանց, ովքեր դեռ հավատում են, որ այս երկիրը մի օր լուրջ պետություն կդառնա:

Հակոբ Ասատրյան