Թոմ Քաթինան ամուսնացել է Երևանում

Armeniasputnik.am-ը գրում է. Բժիշկ Թոմ Քաթինան ամուսնացել է Երևանում։ Այս մասին վկայում են «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինայի Twitter–ում արված գրառումն ու տեղադրված լուսանկարները։ Քաթինան քաղաքացիական ամուսնությամբ ապրում էր իր սիրած կնոջ` Նասիմայի հետ։ Այսօր Երևանի ԶԱԳՍ–ում  նրանք պաշտոնապես գրանցել են իրենց ամուսնությունը։ «Երջանիկ եմ, որ վերջապես իմ ամուսնությունը Նասիմայի հետ պաշտոնապես գրանցվեց Երևանում: Շնորհակալություն բոլորիդ այս հատուկ օրվա ընթացքում մեզ հետ լինելու համար»,- թվիթերի իր էջում գրել է Քաթինան։ Հիշեցնենք՝ ամերիկացի բժիշկ Թոմ Քաթինան 2008 թվականից իր գործունեությունն իրականացնում է Սուդանի Նուբա լեռների Գիդել քաղաքում։

Նուբայի լեռներում «Գթության մայր» հիվանդանոցի վիրաբույժ, կաթոլիկ միսիոներ, Քաթինան տարիներ շարունակ իրականացրել է տարեկան 1000 վիրահատություն՝ օրական սպասարկելով ավելի քան 400 հիվանդի:

«Ավրորա» մրցանակին նա արժանացել է 2017 թվականին։ «Ավրորա» մրցանակը Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից շնորհվում է ամեն տարի՝ի երախտագիտություն նրանց փրկողների:

Դափնեկիրը ստանում է 100 հազար դոլարի պարգև և բացառիկ հնարավորություն շարունակելու նվիրատվության շղթան՝ 1 միլիոն դոլարի մրցանակի ներկայացնելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին: