Ակնհայտ է, որ գործը գլուխ չէր գա առանց սադրիչների, որոնք փորձում են փչացնել հայ-ղազախական հարաբերությունները․ հայտարարություն

Ռուս-հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել Ղազախստանի  Կարագանդա քաղաքում  տեղի ունեցած դեպքերի  կապակցությամբ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է.

«Օրերս Ղազախստանից մտահոգիչ լուրեր հասան. Ամանորի գիշերը Կարագանդայում` «Հին Հռոմ» ռեստորանում, ծեծկռտուք է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է ղազախ պատանի, իսկ երեք հոգի վիրավորվել է: Դա սովորական քրեական-կենցաղային միջադեպ էր մի քանի ազգությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, բայց անսպասելիորեն այդ միջադեպը սկսեց ազգամիջյան բնույթ ստանալ. զգացմունքները բանականությունը մղեցին երկրորդ պլան:

Ղազախստանում սկսվեց հակահայկական հավաքների ալիք:

Այստեղ ակնհայտ է, որ գործը գլուխ չէր գա առանց սադրիչների, որոնք փորձում են փչացնել հայ-ղազախական հարաբերությունները: Նմանատիպ դեպքերը չեն կարող որևէ լավ բանի հանգեցնել: Դրանք կարող են միայն սրել ազգամիջյան հարաբերությունները բազմազգ Ղազախստանում:

Այս երկիրը հայտնի է իր տոլերանտությամբ, և ուզում ենք հուսալ, որ բանականությունը այս անգամ ևս կհաղթի, և երկրի իշխանությունները բոլոր ջանքերը կգործադրեն, որպեսզի մարվի ժողովրդական դժգոհության ու ազգայնամոլական դրսևորումների ալիքը: Հատուկ ուզում ենք ընդգծել և դատապարտում ենք Ադրբեջանի զանգվածային լրատվամիջոցների ու պետական իշխանության մարմինների գործունեությունը, որ այս ողբերգական դեպքն օգտագործում են հայատյացություն առաջացնելու և իրենց հակահայկական աշխարհաքաղաքական ծրագրերի առաջմղման նպատակով:

Բանը հասել է նրան, որ ադրբեջանցի սադրիչները սկսել են բացահայտ կերպով խմիջամտել ինքնիշխան պետության ներքին գործերին, սոցկայքերով դրդել հակահայկական ազգայնամոլական գործողությունների, որոնք կարող են հանգեցնել Ղազախստանում իրավիճակի ապակայունացման: Անշուշտ, այս ողբերգության բոլոր մեղավորները պետք է պատժվեն և ձերբակալվեն, բայց մի քանի մարդու մեղքը պետք է որևէ կերպ չոտնահարի Ղազախստանի հայերի օրինական շահերը:Ղազախստանում հակահայկական տրամադրություններ պետք է չլինեն:

Հայերը Ղազախստանի զարգացման և ծաղկման գործում ունեցել են մեծ նպաստ և առ այսօր շարունակում են իրենց նպաստը բերել: Նրանք այս երկրի օրինապաշտ քաղաքացիներ են, և այդ պատճառով պետք է լիարժեք անվտանգության երաշխիքներ ստանան:

Վստահ ենք, որ Ղազախստանի Հանրապետության իրավապահ մարմինները գործի օբյեկտիվ և թափանցիկ քննություն կիրականացնեն և կհրապարակեն ամբողջական ու հավաստի տեղեկատվություն այս ոճրագործության բոլոր մասնակիցների մասին, ոչ թե միայն ազգությամբ հայերի: