Դատարանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել

Armtimes.com-ը գրում է. Մեր տեղեկություններով՝ դեկտեմբերի 30-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Ավան եւ Նոր Նորքի նստավայր) Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում է կայացրել: Այսպիսով՝ դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը՝ Հարությունյանին կալանավորելու վերաբերյալ:

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Բանն այն է, որ Վահագն Հարությունյանի մեղադրանքը ՀՀ հատուկ քննչական ծառայությունը լրացրել է երկու նոր մեղադրանքներով: Մասնավորապես, Հարությունյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ Քրեական օրենսգրքի 308–րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): Վահագն Հարությունյանը ավելի վաղ որպես մեղադրյալ է ներգրավվել նաեւ Մարտի 1-ի գործով կարեւոր ապացույցներ կեղծելու համար: Նրա նկատմամբ հետախուզումը չի դադարեցվել:

Նրան կալանավորելու նախաքննական մարմնի միջնորդությունը պետք է քննվեր Շենգավիթի նստավայրում, սակայն ավելի վաղ գրել էինք, որ այն քննող դատավոր Նելլի Բաղդասարյանը ինքնաբացարկ էր հայտնել: