Փաշինյանի թիմակիցը՝ Մանվել Գրիգորյանի հետ քավոր-սանիկական հարաբերությունների, ԱԺ-ում դրսևորվելու մասին

«Իմ քայլը» դաշինքի ցուցակով պատգամավոր ընտրված Արգիշտի Մեխակյանը հերքում է տեղեկություններն այն մասին, որ իր և Մանվել Գրիգորյանի միջև առկա են քավոր-սանիկական հարաբերություններ։ ArmDay.am-ի հետ զրույցում Մեխակյանն անդրադառնալով շրջանառվող լուրերին ասաց նաև, որ Մանվել Գրիգորյանը եղել է իր հոր՝ Մեխակ Մեխակյանի զինակից ընկերը, սակայն դրանից ավելի՝ ոչինչ։

Տեղեկություններ կային նաև, որ Էջմիածնում որոշ շրջանակների մոտ դժգոհություն է առաջացել,  քանի որ իրենց քվեն ստացած պատգամավորը չի աջակցում Մանվել Գրիգորյանի ազատ արձակման դեմ պայքարի դուրս եկած քաղաքացիներին, ավելին՝ տեսակցում է նրան, ինչը Մեխակյանի խոսքով՝ աբսուրդի ժանրից է։

Անդրադառնալով բողոքի ակցիաներին՝ մեր զրուցակիցն ասաց,-«Հենց բողոքի ակցիայի օրը՝ Ձեզ հետ ունեցած հարցազրույցից հետո, ես անմիջապես դուրս եմ եկել փողոց, եղել եմ բոլոր փակ փողոցներում և շփվել եմ ակցիայի մասնակիցների հետ։ Իսկ իմ անձի հետ կապված դժգոհությունների մասին տեղեկություն չունեմ»։

Հետաքրքրվեցինք, թե ինչպիսի խորհրդարանական գործունեություն է ծավալելու նորընտիր պատգամավորը։ Հարցին, թե ի՞նչ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալու, Մեխակյանը պատասխանեց,-«Օրենսդրական նախաձեռնությունները կլինեն ավելի կոլեկտիվ մթնոլորտում։ Ամբողջ թիմի կողմից կմշակվեն այն բարեփոխումները, որոնք կդիտարկվեն առաջնահերթ»։

«Այս պահին ես ցանկություն եմ հայտնել ընդգրկվել երկու հանձնաժողովում՝ Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հանձնաժողովում և Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում»․ հավելեց նա, վստահություն հայտնելով, որ այդ ոլորտներում կկարողանա ավելի մասնագիտացված գործունեություն ծավալել։

Արգիշտի Մեխակյանի կարծիքով նոր խորհրդարանը կունենա լավ ընդդիմություն։

Վաչիկ Գրիգորյան