Կարգանդայի քույր քաղաքը ճշտվե՞ց․ ինչ է սպասվում Ղազախստանի քյավառցիներին

Armdaily.am-ը գրում է. Տոնական օրերին ամենաշատ քննարկվողը Ղազախստանում տեղի ունեցած մահվան դեպքն էր, որին պաշտոնական մակարդակով սկսեցին անդրադառնալ դեպքից գրեթե մեկ շաբաթ անց, երբ հակահայկական ակցիաներ սկսվեցին Ղազախստանում։ Ռեստորանի դիմաց տեղի ունեցած ծեծկռտուքի ու ղազախ երիտասարդի սպանության կասկածվողների մեջ հայեր էլ կան, որոնցից մեկն էլ արդեն պատրաստ է հանձնվել և հայտարարում է, որ սպանության հետ որևէ կապ չունի։ Հայաստանյան իշխանությունները Ղազախստանի դեպքերին բավական ուշ անդրադարձան։ Իհարկե հունվարի 3-ին Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն էր տարածել դեպքի առթիվ, սակայն սա բավարար չէր։ Հայաստանյան իշխանությունների չշտապելուն ու դեպքերին որևէ կերպ չարձագանքելուն հակառակ մեր մամուլը զարգացումներն ուշադրության կենտրոնում էր պահում։ Իրավիճակն ավելի լարվեց, երբ հենց ղազախական բլոգերների և մամուլի միջոցով լուրեր տարածվեցին, որ ղազախներին արհեստականորեն գրգռում և դեպքը ազգամիջյան հուն են թեքում ադրբեջանցիները։ Հունվարի 7-ին ԲՀԿ-ի և «Լուսավոր Հայաստանի» դատապարտողական անդրադարձից հետո դեպքին նոր անդրադարձավ ԱԳՆ։ Դրանից հետո սկսվեց այն, ինչ անվանվում է հայկական զավեշտ։ Մեկը մյուսի հետևից մեր պաշտոնյաները սկսեցին զանգել իրենց կոլեգաներին՝ ճշտելու տեղում ապրող հայերի վիճակը։ Բացարձակ զարմանալի չէր լինի, եթե պարզվեր, որ ղազախական Կարագանդան մեր մարզերից մեկում քույր քաղաք ունի և քաղաքապետն էլ զանգեր կոլեգային։ Այստեղ հարցը սակայն այնքան էլ ուշացած զանգերն ու արձագանքները չէին, որքան այն, որ պաշտոնական Երևանը կոչ էր անում լրատվամիջոցներին չլարել իրավիճակն ու չտրվել սադրանքների։ Պաշտոնապես ընդամենը ասվում է, որ պետք էր բավարարվել հունվարի 3-ին ՀՀ դեսպանության տարածած հայտարությամբ ու չխանգարել: Մինչդեռ ազատ ԶԼՄ-ները այս օրերին հասարակությանը օգնեցին հասկանալ իրականությունը: Ղազախստանի հայերը հասկացան, որ ՀՀ-ում տեղյակ են ու նեցուկ: Հետաքրքիր է, թե երբվանի՞ց է տեղեկատվության հայթհայթումն ու տարածումը դարձել հայության համար սպառնալիք: Տարատեսակ ուշացած հայտարարություններ անելու փոխարեն չէր խանգարի առաջին իսկ չվերթով մեկնել Աստանա և վերադառնալ միայն այն ժամանակ, երբ վիճակը կկայունանար: Ղազախստանում այսօր պաշտոնական տվյալներով ապրում է 25-ից 30 հազար հայ։ Կարագանդայում հայերի թիվը 2000-ից ավելի է։ Հատկապես Կարագանդայում հայերը բիզնես միջավայրում ճանաչված մարդիկ են, նրանց հիմնական մասը Գավառից գնացածներն են և մեծ կարողությունների են տիրապետում։ Դատելով հանրահավաքին հնչեցրած կոչերից՝ ղազախները հիմնականում պահանջում են ունեզրկել հայերին։ Սա պարզ թուրքական ձեռագիր է, որը տարիներ շարունակ չի կորցրել իր էֆեկտիվությունը՝ թողնել իրենց երկիրը շենացնեն ու հարմար պահի խլել ամեն ինչ ու քշել երկրից։ Այդպես է եղել թուրքական գաղափարախոսություն կրող բոլոր երկրներում, իսկ Ղազախստանը հայտնի Մեծ Թուրան երազողներից է։ Ղազախստանի վերաբերմունքը պարզ երևաց կարճատև հանրահավաքին բավական ուշ միջամտելուց, ինչը աչքը վախացնելու լավ եղանակ է։ Իսկ այն, որ Կարագանդայի հայերն այսօր վախեցած են փաստ է, նրանց ունեցվածքը հսկվում է ոստիկանների կողմից և նրանք գլխիկոր ներողություն են խնդրում տեղի ունեցած սպանության համար, որը դեռ պարզ չէ ինչպես և ում մեղավորությամբ է տեղի ունեցել։ Հեռվից հեռու բարեկամություն անելով Ղազախստանի հետ՝ պետք չէ մոռանալ այնտեղ ապրող հայերի մասին։ Այս պարագայում մենք Ղազախստանի հետ անհավասար պայմաններում ենք։ Նկատելիորեն աճել է հայկական կապիտալով փոքր ու միջին բիզնեսի քանակը Ղազախստանի Հանրապետությունում` 80-ից դառնալով 140: Քաղաքական համագործակցության բավական բարձր մակարդակի առկայության դեպքում առևտրային շրջանառությունը, Հայաստանի վիճակագրական տվյալների համաձայն, կազմում է 5 մլն ԱՄՆ դոլարից փոքր-ինչ ավելի: Թե քանի ղազախ կա այս պահին Հայաստանում, քանիսն են մշտական բնակություն հաստատել, դժվար է ասել, սակայն վստահաբար նրանց թիվը չի գերազանցի 50-ը։ Հայաստանում Ղազախստանի դեսպանի տվյալներով բուհերում սովորում է Ղազախստանի շուրջ 30 քաղաքացի։ 2010 թվականին Եվրասիական համալսարանը Երեւանի պետական համալսարանի բազայի վրա բացել է Ղազախական մշակույթի եւ լեզվի կենտրոն: Հայաստանում ժամանակին հայերի մեջ հանդիպել են նաև ղազախա-ղփչաղական անուններ են օրինակ` Բերիկ, Կարաբալա։ Ստացվում է, որ հայերն իրենց մշակութային բարձունքում են ինչպես միշտ, սակայն դա հնարավոր է մի օր չգնահատվի կամ հակառակ էֆեկտը տա։ Այս հարցին մատների արանքով նայելու և տեղեկատվական վակում ստեղծելու կոչ անելն անտեղի է, հասարակական վերահսկողությունը այն նպաստավոր կետն է այս պարագայում, որի վրա կարող է հենվել մեր պետությունը։