Մի շարք խոշոր տնտեսվարողներ աշխատակիցներին արգելում են հեռախոս պահել

Armdaily.am-ը գրում է. Մինչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորում է աշխատանքային առաջին օրվա կապակցությամբ, մենք տեղեկություններ ենք ստանում ՀՀ աշխատող քաղաքացու իրավունքների ոտնահարման մասին։ Մի շարք խոշոր տնտեսվարողներ՝ ընկերություններ, գործարաններ արգելում են իրենց աշխատակիցներին աշխատանքային օրվա ընթացքում հեռախոս ունենալ։ Մասնավորապես՝ խոշոր գործարաններից մեկում գողության դեպք է գրանցվել, դրանից հետո ղեկավարությունը որոշել է գնալ կտրուկ քայլերի եւ աշխատանքային օրվա սկզբին մարդիկ հեռախոսները հանձնում են, ժամը 18.00-ին ստանում։ Պատճառաբանությունը առավել քան տարօրինակ է՝ անվտանգության նկատառումներից ելնելով, իսկ շատ-շատ կանայք, մայրեր համակերպված այս պայմաններին աշխատում են՝ վախենալով կորցնել աշխատանքը։ Իհարկե, աշխատանքի ժամին պետք է աշխատանքով զբաղվել, հեռախոսով «գյալաջի» չանել, դա անվիճարկելի է, սակայն մյուս կողմից էլ՝ ինչ անեն այն կանայք, ովքեր ունեն երեխաներ ու օրինակ, ամեն րոպե կարող են զանգել դպրոցից, մանկապարտեզից եւ ասել, որ բալիկը վատ է զգում իրեն, կամ դասերը շուտ են ավարտվել։