Նիկոլ Փաշինյան. Ընդդիմությունից ԱԺ փոխնախագահ կընտրվի այն կուսակցությունից, որն ընտրություններին ավելի շատ ձայն է հավաքել

Այսօր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով այն հարցին, թե ԱԺ փոխնախագահի պաշտոնն ընդդիմությունից որ ուժինը պետք է լինի, ասել է. «Խմբակցությունում այդ հարցի քննարկմանը չենք հասել, բայց սկզբունք պետք է գործի, որ ընդդիմությունից ԱԺ փոխնախագահն ընտրվի այն կուսակցությունից, որն ընտրություններին ավելի շատ ձայն է հավաքել»: Անդրադառնալով Ղազախստանի Կարագանդա քաղաքում հայերի և ադրբեջանցիների միջև տեղի ունեցած մահվան ելքով բախման միջադեպին, Նիկոլ Փաշինյանը նախ ցավակցություն հայտնեց զոհվածի հարազատներին: «Ուզում եմ ընդգծել, որ այդտեղ չի կարող լինել ազգամիջյան որևէ կոնտեքստ, որովհետև որքան ինձ են զեկուցել, կոնֆլիկտ ունեցած երկու խմբերն ազգային առումով միատարր չեն եղել, և դանակահարող խմբի մեջ ազգությամբ ղազախ քաղաքացի է եղել»,- ասաց նա և նշեց, որ վարկածներ և լուրեր են դրվում շրջանառության մեջ և կոչ արեց լրագրողներին ստուգել դրանք, հայտնում է Tert.am-ը: