Կարագանդայում ձերբակալված հայերից 2-ը «Հին Հռոմ» ռեստորանի սեփականատիրոջ տղաներն են

Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի ու դրան հաջորդող իրադարձությունների վերաբերյալ SHANTNEWS.am-ին մեկնաբանություններ են տվել ղազախ լրագրողները: Նրանց հավաստիացմամբ՝ միջադեպից հետո որոշակի լարվածություն է առաջացել Կարագանդայում, սակայն ավելի ուշ իրավիճակը հանդարտվել է: Անկախ լրագրող Այսուլթան Ժակիպովը մեր թղթակցին ասել է, որ կան որոշ ուժեր, որոնք միջադեպին փորձում են ազգային երանգ հաղորդել: Ղազախ լրագրողի ունեցած տեղեկություններով՝ միջադեպի օրը երկու կողմերում եղել են նաև ղազախներ:«Դա ազգամիջյան վիճաբանություն չի եղել, քանի որ հայերի կողմում նաև ղազախներ են եղել: Մյուս խմբում էլ և՛ ղազախներ, և՛ ռուսներ են եղել: Այս ամենին ինչ-որ ուժեր փորձում են ազգամիջյան հակամարտության երանգ տալ, բայց դա այդպես չէ: Այս պահին 7 հոգի ձերբակալվել է, որոնց թվում՝ 6 հայ և 1 ղազախ: Մեկ կասկածյալ այս պահին գտնվում է  միջազգային հետախուզման մեջ: Նա Ղազախստանի քաղաքացի չէ, Հայաստանի քաղաքացի է: Իսկ մնացած ձերբակալվածներն ունեն Ղազախստանի քաղաքացիություն»: Անկախ լրագրող Այսուլթան Ժակիպովի տեղեկություններով՝ ձերբակալված հայերից 2-ը «Հին Հռոմ» ռեստորանի սեփականատիրոջ տղաներն են: