«Դուխովը» հասավ Ղազախստան և «քաշեց» տեղի հայությանը. ի՞նչ անել այսուհետ

Slaq.am-ը գրում է.  Նոր տարվա խոզաբդային թմբիրից արթնացող մեր «դուխով» հասարակությունն իր համար վդրուգ պարզել է, որ Ղազախստանի քաղաքներից մեկում` Կարագանդայում, բազմահազարանոց հակահայկական ցույցեր են տեղի ունենում, և հնչում են անգամ կոչեր հայերին վտարել երկրից: Իմ «բդասեր» հասարակությանը ներկայացնեմ խնդրի ամբողջ եղելիությունը:

Իսկապես, կենցաղային հողի վրա քաղաքի ռեստորաններից մեկում հայերի և ղազախների միջև վեճ է տեղի ունեցել, ինչի արդյունքում մարդ է զոհվել: Դրանից հետո «շատ պատահական կերպով» մարդիկ սկսեցին «ինքնակազմակերպվել» և «լավագույն ադրբեջանական ավանդույթներով» սկսեցին խիստ հակահայկական հռետորաբանությամբ հակահայկական ցույցեր իրականացնել, ինչից հետո քաղաք մտան հատուկ ջոկատայինները, ոստիկանները, բայց իրավիճակը, միևնույն է, շարունակում էր շատ թեժ մնալ: Այդ նույն ժամանակ մեր «դուխով» կառավարությունը, հավանաբար, նույնպես ամանորյա հոգսերով էր զբաղվում, և արագ ու պատշաճ կերպով արձագանք չտվեց կատարվածին, ինչը և արդեն լուրջ հետևանքերի է հանգեցրել Ղազախստանի ներսում:

Տեղեկացնեմ իմ «դուխով» հայրենակիցներին ու կառավարությանը, որ Ղազախստանում ապրում է ավելի քան 25 հազար հայ,այդ երկրում մենք 14 շրջաններում ունենք հայկական մշակութային կենտրոններ, իսկ հայերն այդ երկրում բավականին կայացած և հարուստ խավ են համարվում, և միշտ էլ շատ հարգված են եղել Ղազախստանի իշխանության կողմից: Ասեմ ավելին` մեր 25 հազարանոց համայնքն իր տրանսֆերտներով դեպի Հայաստան իր կայուն երկրորդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանից հետո, ինչը խոսում է նրա մասին, որ ղազախստանյան համայնքը համակարգային օգուտ է բերում Հայաստանին: Նկատեք, որ 25 հազարանոց հայությունը ավելի շատ է Հայաստանին օգնում, քանի ընդհանուր 2-միլլիոնանոց ամերիկյան կամ ֆրանսիական համայնքը, որին այդքան քնքշանքով է վերաբերվում մեր գործող կառավարությունը:

Խիստ հավաստի տեղեկությունների համաձայն` Ղազախստանում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո այդ երկրով մեկ հայ գործարարաներին տարբեր պատրվակներով տարբեր հարցաքննությունների են կանչում, և օդի մեջ անգամ զգացվում է, որ մեր հայրենակիցներին սկսել են «պրեսինգի» ենթարկել, ինչը կարող է բացասական հետևանքների հանգեցնել, ընդհուպ մինչև երկրից հեռանալը:

Վերջում խոսենք «դուխով» քաղաքականության մասին, որ պարզ լինի` ինչ է կատարվում: Տարիներ ի վեր Հայաստանի իշխանություններին հաջողվում էր պահպանել փխրուն բալանսը ոչ միայն ՀԱՊԿ-ի պաշտոնական մարմինների ներսում, այլ նաև ապահովվում էր հայկական համայնքների անխնդիր գոյությունը թե՛ ՀԱՊԿ անդամ-երկրներում, և թե՛ ամբողջ ԱՊՀ տարածքում: Դրանից օգտվում էին թե մեր սովորական քաղաքացիները, ովքեր կարողանում էին այդ երկրներում արարել, աշխատել, ստեղծագործել, և դեռ մի բան էլ` օգնում էին մեր երկրին: Իսկ մեր Հայաստանը դրա հետ մեկտեղ էժան գներով զենք էր ստանում, գազ էր ստանում, հայերին ամեն տեղից դեպորտ չէին անում, և այս փխրուն բալանսը լավ թե վատ, բայց օգուտ էր բոլորին: Բայց երբ որ Հայաստանում իշխանության են գալիս մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում ոչ մի բարիք չեն ստեղծել, ֆեյսբուքյան իրականությունից այն կողմ բան չեն տեսել, և միջպետական հարաբերությունների մանկապարտեզային պատկերացումներ ունեն, դա բերում է նրան, որ գազը Հայաստանի համար թանգանում է, հայերեն Ղազախստանում նեղում են, զենքի նոր խմբաքանակներն ուշանում են, ՀԱՊԿ ԳՔ պաշտոնը կորցնում ենք, գրեթե բաց առճակատման ենք դուրս գալիս Մոսկվայի հետ, և այդ սաղ «դուխով»-ի պատճառով վերջում տուժում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ու հայոց պետականությունն առհասարակ:

Մի բան էլ վերջում. վաղը-մյուս օրը որ գազը թանգացավ արդեն մեր սպառողների համար, իսկ հայերին սկսեցին դեպորտ անել Ղազախստանից, Բելառուսից, Ռուսաստանից, հայկական կողմն ի՞նչ է անելու: Նշված երկրների դեսպանատների առջև «դուխով հուժկու ցույցե՞ր» է անելու, թե՞ այդ դեպորտ արած քաղաքացիների ֆինանասական կորուստները Սորոսի փողերով են կոմպենսացնելու:

Աթափվեք, քանի ուշ չէ: Երկրի արտաքին և ներքին քաղաքականությունը պետք է ոչ թե «դուխով» լինի, այլ խելքով: Իսկ երբ որ դու այլ երկրների առաջին դեմքերին խորհուրդ ես տալիս «ադապտացվել հայաստանյան իրողություններին», իրենք միշտ շատ կոշտ են արձագանքելու դրան, ինչից տուժելու են սովորական մարդիկ: