Ջավախքցի ուսանողուհին գտել է 37 հազար դոլար և հանձնել տիրոջը

Օրեր առաջ մամուլում տեղեկատվություն էր հայտնվել, որ թբիլիսցի ուսանողուհին, փողոցից գտնելով 37․000 դոլար գումար, այն ոստիկանության միջոցով հանձնել է տիրոջը։ Վրաստանում ՀՀ դեսպանատնից հայտնում են, որ որոշ ժամանակ անց պարզվել է այդ ազնվագույն քայլի հեղինակը մեր հայրենակցուհի, ծնունդով Ջավախքից Կարինե Բագիրյանն է, ում այսօր ընդունել է Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը։

Դեսպան Սադոյանը շնորհակալություն է հայտնել Կարինեին նման ազնվություն ցուցաբերելու և բոլորին հիանալի օրինակ ծառայելու համար։ Նա հայտնել է, որ մերօրյա աշխարհում նման մարդկային քայլն ի ցույց է դնում, որ ազնվությունը և բարությունը դեռևս չեն նահանջել և կարևորագույն տեղ են զբաղեցնում մեր կյանքում։

Աղբյուր` Panorama.am