Դատարանի վրա բիրտ ճնշում է եղել. Քոչարյանին ազատած դատավոր

երաքննիչ քրեական դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի որոշումը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու մասով։ Երկրորդ նախագահը նիստին չի մասնակցել, իսկ փաստաբանները ասուլիս են հրավիրել ժամը 18.00-ին։ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու համար։ Ինչպե՞ս է գնահատում այս որոշումը ավելի վաղ Քոչարյանին կալանքից ազատած Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը։ Ներկայացնում ենք նրա հետ ArmDaily.am-ի հարցազրույցը։

-Ինչպե՞ս է ստացվում, որ Դուք կալանքից ազատել էիք Քոչարյանին, ձեր գործընկերը՝ Ռուբիկ Մխիթարյանը, տրամագծորեն հակառակ որոշումն է կայացրել։

-Ես չեմ կարող գնահատական տալ, միայն Վճռաբեկ դատարանը կարող է գնահատական տալ։ -Որոշումը հրապարակվել է, ի՞նչ ժամկետում պետք է կալանավորվի։

-Անմիջականորեն, ես չեմ բացառում, որ հիմա էլ կալանավորում են։ -Եթե դուք այլ որոշում էիք կայացրել, հնարավոր է ձեզ պատասխանատվության ենթարկեն, օրենքը ինչ-որ բան նախատեսո՞ւմ է։

-Օրենքը թույլ է տալիս, եթե դատավորը որեւէ խախտում է թույլ տալիս, իհարկե։ Օրինակ՝ կարող են կարգապահական վարույթ հարուցել։

-Նման պրակտիկա կա՞, երբ, օրինակ, նույն ատյանի տարբեր դատավորներ տարբեր խափանման միջոց են ընտրում, մեկին պատժում են։

-Նման դեպքեր չեմ հիշում, բայց ոչինչ չեմ բացառում։

-Կալանքից ազատելիս Դուք հիմքում դրել էիք անձեռնմխելիությունը, այժմ նրան նորից կալանավորեցին։ Հնարավո՞ր է այս որոշման վրա ազդել են քաղաքական հայտարարությունները կամ ԱԱԾ, ՀՔԾ պետերը կապի մեջ են եղել դատավորի հետ։

-Որ բիրտ ճնշում է եղել, դա միանշանակ։ -Ո՞ւմ վրա՝ դատավորի՞, թե՞ համակարգի։ -Համակարգի մասին է խոսքը, ես Մխիթարյանին նկատի չունեմ։

-Ո՞ւմ կողմից է եղել ճնշումը։ -Հասարակության կողմից, տարբեր պաշտոնատար անձանց կողմից, այո, ճնշում է եղել։

-Միայն հայտարարությունների՞ տեսքով, թե՞ այլ միջոցներով եւս։ -Ես կարող եմ հայտարարությունների տեսքով գնահատական տալ, այլ ինֆորմացիա չեմ տիրապետում։

-Պարոն Մխիթարյանը ձեր կոլեգան է, նա վախեցող, բիրտ ճնշմանը տուրք տվող տեսա՞կ է։ -Ես Մխիթարյանին ճանաչում եմ միայն որպես օրենքով ղեկավարվող անձնավորություն։

-Լավ, եթե նա օրենքով է ղեկավարվել եւ կալանավորվել է, իսկ դուք ինչո՞վ եք առաջնորդվել։

-Տարբեր իրավաբաններ տարբեր տեսակետ կարող են ունենալ նույն հարցի վերաբերյալ։ Եթե ես այսօր որոշում կայացնեի, նույն որոշումը կկայացնեի, Մխիթարյանը այլ կարծիք է ունեցել փաստորեն, ինչ կարող եմ ասել։

-Բայց չի կարող չէ՞ նույն օրենքը մի դեպքում ազատել Քոչարյանին, մյուս դեպքում՝ կալանավորել, նույն գործի, ապացույցների հետ գործ ունենք։

-Ուրեմն մեկը սխալվել է։

-Ո՞վ է սխալվել։

-Ես չեմ կարող ասել։ Վճռաբեկ դատարանը գնահատական կտա։

Մանրամասները  armdaily.am-ում: