Ինչ խնդրեց Լուկաշենկոն Ծառուկյանին

1.am-ը գրում է. ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այսօր հայտարարել է, որ նոյեմբերի 24-ին եղել է Բելառուսում և իր ընկեր Լուկաշենկոյի հետ քննարկել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի առիթով ստեղծված լարվածության հարցը: Ծառուկյանը հայտարարել է, թե Լուկաշենկոն այդ առիթով սպասում է Հայաստանից հրավերի, որպեսզի գա Հայաստան և ներկայացնի, թե ինչ լավ բարեկամ է հայ ժողովրդի համար: Այն, թե ինչքան լավ բարեկամ է Լուկաշենկոն հայ ժողովրդի համար, վկայում են Ադրբեջանին վաճառված «Պոլոնեզները», նաև Ապրիլյան քառօրյայի օրերին զանգը Բաքու՝ ոչ թե Երևան, ու նաև ընդհանրապես ՀԱՊԿ-ում ու ԵՏՄ-ում Բելառուսի ադրբեջանանպաստ քաղաքականությունն ու գործողությունները:

Ավելի հետաքրքիր է այն, թե ինչու է Գագիկ Ծառուկյանը քարոզարշավի վերջին օրը անդրադառնում այս թեմային, կամ, այսպես ասած, բացվում այդ թեմայով՝ որ եղել է Բելառուսում երկու շաբաթ առաջ, և որ Լուկաշենկոն Հայաստանից հրավերի է սպասում: Բելառուսի նախագա՞հն է խնդրել Ծառուկյանին արտահայտվել այդ մասին, թե՞ նա ինքն է որոշել խոսել, ակնկալելով, որ դա կարող է քարոզարշավի վերջին օրը որոշակի միավոր բերել իրեն: Սա, իհարկե, դժվար է ասել, սակայն հատկանշական է, որ ԲՀԿ նախագահը Բելառուսի նախագահի մասին խոսում է Սանկտ Պետերբուրգում ԵՏՄ վեհաժողովի և դրա շրջանակում էլ ՀԱՊԿ ԳՔ հարցի քննարկման մասին Լուկաշենկոյի հայտարարության, դրան հաջորդած թե՛ Երևանի, թե՛ Մոսկվայի հայտարարությունների ֆոնին։

Մասնավորապես, Լուկաշենկոն ասել էր, որ անդրադարձել են խնդրին և այն լուծված է՝ ԳՔ կլինի Բելառուսի ներկայացուցիչը: Հայաստանի վարչապետի խոսնակը հայտարարել էր, թե Երևանի դիրքորոշումն այդ հարցում չի փոխվել, և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցն էլ լուծված չէ:

Դրանից հետո, արդեն այսօր թեմային անդրադարձել էր Պուտինի խոսնակ Պեսկովը, որն ասել էր, թե հարցը լուծված չէ, իսկ ԵՏՄ վեհաժողովից դուրս այդ հարցը քննարկելու նախաձեռնությունը եղել է Լուկաշենկոյինը: Այդպիսով, Պեսկովն իր հայտարարությամբ ակնառու աջակցում է Երևանի դիրքորոշմանն ու հարվածում Բելառուսին: Անկասկած, այստեղ խնդիրը ռուս-բելառուսական հարաբերություններն են, և գուցե ԵՏՄ վեհաժողովում գազի գնի մասին Լուկաշենկոյի «մուննաթով» համեմված ելույթը, որով նա ակնհայտորեն նյարդայնացրել էր Պուտինին: Եվ հիմա, թերևս, ՀԱՊԿ առիթով Մոսկվան աջակցելով Երևանին՝ իր հարվածն է հասցնում Բելառուսին:

Մանրամասները սկզբնաղբյուրում: