Արթուր Վանեցյանը դեկտեմբերի 15-ին գաղտնալսման հարցով ասուլիս կտա

Դեկտեմբերի 15-ին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հանդես կգա ասուլիսով, որի ժամանակ կպատասխանի երկրորդ գաղտնալսման մասին լրագրողների բոլոր հարցերին։ Այս մասին այսօր՝ դելտեմբերի 7-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Արթուր Վանեցյանը։

«Չեմ մեկնաբանելու, չեմ խոսելու։ Քրեական արարք է, քննչական կոմիտեում գործ կա հարուցված, թող գնահատականը տա»,–ասաց նա։

Լրագրողի դիտարկմանը, թե մտահոգիչ չէ արդյոք, որ նույնիսկ վարչապետին են կարողանում գաղտնալսել, ԱԱԾ տնօրենն ասաց. «Առանց մեկնաբանության»։

Նշենք, որ դեկտեմբերի 5-ին համացանցում հայտնվել է նոր գաղտնալսում, որտեղ նախ հեռախոսազրույց են ունենում ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու Նիկոլ Փաշինյանը, հետո՝ Արթուր Վանեցյանն ու Սասուն Խաչատրյանը։ Հեռախոսազրույցը ծավալվում է Յուրի Խաչատուրովի եւ Ռոբերտ Քոչարյանի շուրջ։

Հրապարակվել է Նիկոլ Փաշինյանի, Արթուր Վանեցյանի եւ Սասուն Խաչատրյանի գաղտնալսման ձայնագրությունը: