Ինչ կրել այս Ամանորին եւ ինչը նորաձեւ կլինի 2019-ին

BRAVO.am-ը գրում է. Մոտեցող 2019-ը նոր ու հետաքրքիր միտումներ է պատրաստել նորաձեւությամբ հետաքրքրվողների համար: Հագուստի ու դիմահարդարման տենդնեցների, գունային ամենանորաձեւ համադրությունների մասին BRAVO.am-ը խոսել է դիզայների եւ դիմահարդար-ոճաբանի հետ:

Դիանա Շատվերյանը շատ հետաքրքիր եւ գունեղ տարի է կանխատեսում նորաձեւության սիրահարների համար:

«2019-ին նորաձեւ կլինեն ծիածանի բոլոր գույները: Եթե այս տարի գունային միտումներն առավել մոնոտոն էին, ապա եկող տարում ձեր զգեստապահարանում կարող եք ունենալ ու համադրել ամենավառ երանգները:

2019-ին չափազանց նորաձեւ կլինեն 18, 19-րդ դարերին բնորոշ կորսետները. դրանք կարող են լինել ինչպես կտորից, այնպես էլ՝ կաշվից կամ լաքից: Իհարկե, թրենդային կլինի նաեւ 1990-2000-ականներին ԱՄՆ-ում մեծ տարածում գտած սպորտային համազգեստների ոճը, որն այժմ կարելի է համադրել անգամ զգեստների հետ:

Կշարունկեն ակտուալ մնալ օվերսայզ պիջակները, որոնք եւս կհամադրվեն նուրբ, եթերային զգեստների հետ: Ասիմետրիկ կտրվածքները եկող տարում եւս դուրս չեն մնա նորաձեւությունից»,-ասել է դիզայները:

Նրա խոսքով՝ 2019-ին կվերադառնա հայտնիների կամ նկարիչների դիմանկարներով հագուստը, որը կարելի է հագնել ասեղնագործած, ձեռքով նկարված կամ պարզապես հագուստի վրա տպված տարբերակով:

Փայլփլուն Նոր տարի

«Այս Ամանորին փայլփլուն հագուստի սիրահարները ուրախությամբ կարող են կրել դրանք՝ ընտրելով ցանկացած երանգ՝ սեւ, ոսկեգույն, կարմիր, արծաթագույն եւ այլն: Ամանորի գիշերը կանանց եւ աղջիկներին շքեղ տեսք կհաղորդի նաեւ թավշյա հագուստը»,-նշել է Դիանա Շատվերյանը:

Երեկոյան կերպարն ամբողջացնելու համար, իհարկե, պետք է ընտրել նորաձեւ աքսեսուարներ: Դիզայները 2019-ի համար առանձնացրեց նուրբ ոսկյա զարդերը, որոնց կողքին, սակայն, կշարունակեն ակտուալ մնալ արհեստական նյութերից պատրաստված զարդերը: Մեծ բրոշները եւս շատ նորաձեւ կլինեն 2019-ին: