Բոլոր կաշառակերներին պետք է գլխատել․ «Հայոց Արծիվներ»

Այն քրեական մեղադրանքները, որոնց մասին նշվում է ՀՀ ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութում, բացառապես կապված են Մհեր Եղիազարյան անուն, ազգանվան հետ, այսինքն՝ դրանք զուտ անձնական բնույթի քրեական մեղադրանքներ են և դուրս են կուսակցության շրջանակներից։ Այս մասին ասված է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահ Խաչիկ Ասրյանի՝ «Բոլոր կաշառակերներին պետք է գլխատել» վերնագրով հայտարարության մեջ։ Ամբողջական տեքստը ստորև․

«Մհեր Եղիազարյանը սյունեցի է, ով Սյունիքում` հատկապես Սիսիանի տարածաշրջանում, մեծ հեղինակություն վայելող անհատականություն է:

90-ականների սկզբից Մհեր Եղիազարյանը մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանի անկախության կայացման գործում` հատկապես ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի հետ միասին:

Մհեր Եղիազարյանը 7 տարուց ավելի, հասարակական հիմունքներով, մասնակցել է 45.117 անդամ ունեցող «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպության հայրենասիրական և ռազմահայրենասիրական միջոցառումներին:

Հաշվի առնելով Մհեր Եղիազարյանի՝ քաղաքականության մեջ թրծվածությունը, մեծ փորձը՝ 2018 թվականի հունիսի 23-ին Հայաստանի Հանրապետության կառավարության նիստերի դահլիճում տեղի ունեցած «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարում նա նշանակվել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության նախագահի տեղակալ:

Այն քրեական մեղադրանքները, որոնց մասին նշվում է ՀՀ ԱԱԾ-ի կողմից հրապարակված տեսանյութում, բացառապես կապված են Մհեր Եղիազարյան անուն, ազգանվան հետ, այսինքն՝ դրանք զուտ անձնական բնույթի քրեական մեղադրանքներ են և դուրս են կուսակցության շրջանակներից։

Ի դեպ՝ Մհեր Եղիազարյանը նաև Haynews.am լրատվական կայքի սեփականատերն է, և այդ կայքի գլխավոր խմբագիրը:

Մեկ բան հստակ է, որ Մհեր Եղիազարյանի անձին վերաբերող այս քրեական մեղադրանքները որևէ կապ, որևէ աղերս չունեն «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հետ:

Անձամբ ես և «Հայոց Արծիվները» ջանք ու եռանք չենք խնայել ու չենք խնայելու՝ ոչնչացնել և մոխիր դարձնել կոռուպցիան, կաշառակերությունը:

Միևնույն ժամանակ՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունն՝ իմ գլխավորությամբ, օրենքի շրջանակներում, կանի հնարավորը՝ միշտ աջակցելու կուսակցության անդամին:»

Հիշեցնենք՝ այսօր ԱԱԾ-ն հրապարակել է տեսանյութ, ըստ որի՝ «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը 2014-ի փետրվարից մինչև 2018-ի հոկտեմբերը աշխատանքի տեղավորելու, նոր պաշտոնի համար կաշառք տալու և այլ հարցեր լուծելու պատրվակով քաղաքացիներից վերցրել է 180 հազար դրամից մինչեւ 10 հազար դոլար և փոխարենը ոչինչ չի ձռնարկել։ Հարուցվել է քրեական գործ։