Սերժ Սարգսյանին փաստացի մեղադրանք առաջադրվեց

Lragir.am-ը գրում է. Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ արձագանքելով Արցախը հանձնելու մասին մեղադրանքներին, հայտարարել է, որ եթե հեղափոխությունը հայտարարվում է այդ նպատակով կազմակերպված դավադրություն, ապա այդ մասին հայտարարողները կամ պետք է իրավապահներին տրամադրեն հստակ տվյալներ՝ քանի որ խոսքը պետական դավաճանության է վերաբերում, կամ պետք է խոստովանեն, որ ստախոս սադրիչներ են:

Հերթական մեղադրանքը հնչեցրել էր ՀՀԿ նախընտրական ցուցակից Դավիթ Շահնազարյանը, որն ասել էր, թե ինչ-ինչ ուժեր Նիկոլ Փաշինյանին աջակցել են Հայաստանում իշխանության գալ հենց այն բանի համար, որ իրականացվի Արցախ իշխանության դիմաց ծրագիրը:

Թե որոնք են այդ ուժերը, Դավիթ Շահնազարյանը չի ասել:

Հանրապետական կուսակցության, նախկին իշխող համակարգի ամենատարբեր շրջանակներ դեռեւս մայիսից են տարածում այն «թեզերը», թե Հայաստանում թավշյա հեղափոխությունն իրականում «դրսի ուժերի դավադրություն» էր:

Իհարկե, սա առաջին հերթին անհարգալից վերաբերմունք է հեղափոխության մասնակից հարյուր հազարավոր քաղաքացիների նկատմամբ: Սակայն հատկանշական է այն, որ դեռեւս մայիսից այդ մեղադրանքը հնչեցնող մարդիկ առ այսօր չեն ներկայացրել մեկ կոնկրետ փաստ, որով մատնացույց կանեին այդ հանգամանքը: Մինչդեռ խոսքը Հայաստանի պետական անվտանգության մասին է:

Ըստ այդմ, միանգամայն տրամաբանական է, որ ազգային անվտանգության ծառայությունը պահանջի բացատրություն: Օրինակ, նույն Դավիթ Շահնազարյանը եղել է Հայաստանի ԱԱԾ տնօրեն: Ու թեեւ դա եղել է ընդամենը մի քանի ամիս, այդուհանդերձ Դավիթ Շահնազարյանն ինքը թերեւս չէր կարող ձեռքերը ծալած նստեր, եթե օրինակ այդ ժամանակ Հայաստանում որեւէ մեկը հայտարարեր, թե Լեւոն Տեր-Պետրոսյանն ինչ-ինչ ուժերի հետ պայմանավորվել է Արցախը հանձնելու համար:

Մանրամասները սկզբնաղբյուրում: