Միջադեպ՝ Արարատի մարզի «Իմ քայլը» դաշինքի շտաբում. Մասնակիցներից մեկն Արարատի մարզպետի վարորդն է

Նոյեմբերի 30-ին երեկոյան միջադեպ է տեղի ունեցել Արարատի մարզի իշխանական «Իմ քայլը» դաշինքի շտաբում։ Ժամը 20.30-ի սահմաններում, Արարատ քաղաքի Կենտրոնական հրապարակում գտնվող «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբում 33-ամյա Արտակ Դավթյանը ապտակել է դաշինքի համակիր Գ. Բաբայանին։

Ոստիկանության լրատվական ծառայությունից Aysor.am-ի հետ զրույցում հաստատեցին մեր տեղեկությունը և հավելեցին, որ ավելի ուշ Ա. Դավթյանը ներկայացել է բաժին և տվել խաստովանական բացատրություն:

Մեր հարցին, թե ինչ կերպ է արտահայտվել միջադեպը, ոստիկանության լրատվական ծառայությունից փոխանցեցին, որ միջադեպի մասնակիցները ապտակել են միմյանց։

Ոստիկանությունում կատարավածի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում։