Ինչքան գումար է ծախսվել նոր տոնածառի համար

armdaily.am-ը գրում է. Ինչպես եւ հայտնել էինք, Հանրապետության հրապարակում նախորդ հանգստյան օրերին սկսվել են երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները։ Քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել էր, որ 2005-ից ի վեր առաջին անգամ Հանրապետության հրապարակում նոր տոնածառ ենք ունենալու: 35+2 մետր բարձրութամբ (գագաթի հետ միասին), հիմքում 14,4 մետր տրամագծով տոնածառը բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից է պատրաստվում, զարդարվելու է շուրջ 200 կիլոմետր երկարությամբ լուսատու շղթաներով, 1500 խաղալիքներով:

ArmDaily.am-ի հետ զրույցում քաղաքապետի խոսնակն ասաց, որ տոնածառի լույսերը կմիացվեն դեկտեմբերի 15-ից հետո։ Ինչ վերաբերում է գումարին, ապա Հակոբ Կարապետյանը նշեց, որ ծախսվել է 71մլն դրամ, որի մեջ մտնում է բուն տոնածառի, լուսավորության, խաղալիքների, տեղափոխման, մոնտաժման աշխատանքները։ Թե ինչքան գումար է ծախսվել նախորդ տարիներին տոնածառի վրա, փորձեցինք պարզել համացանցային որոնման միջոցով։ Օրինակ՝ 2009թ տոնածառի տեղադրման, մայրաքաղաքի ձևավորման և տոնական միջոցառումների կազմակերպման համար, ծախսվել է 26 մլն դրամ, 2012թ ամանորյա ձեւավորման վրա ծախսվել է 20լն դրամ, 2014թ մայրաքաղաքն իր բոլոր 12 վարչական շրջաններով տոնական զարդարելու համար քաղաքապետարանի բյուջեից ծախսվել է 25 միլիոն դրամ, դրա մեջ մտնում էր նաեւ գլխավոր տոնածառի ձեւավորումը, 2016թ ամանորյա տոնակատարությունների վրա ծախսվել է 39մլն դրամ, իսկ 2017թ գլխավոր տոնածառի տեղադրման և զարդարման համար 22մլն դրամ է ծախսվել։ Ի դեպ, ավելի վաղ նոր քաղաքապետ Հայկ Մարությանը կրճատել էր Էրեբունի-Երեւանի 2800-ամյակի միջոցառումների մի մասը։