Սկանդալ Իսրայելում՝ կապված հայկական բժկական դիպլոմների հետ. կալանավովել է 40 մարդ

Իսրայելի ոստիկանությունը կալանավորել է 40 բժիշկների, ստաժորների ու դեղագործների, որոնց կասկածում է աշխատանքի ընդունվելիս կեղծ դիպլոմներ ներկայացնելու համար: Հաղորդվում է, որ կեղծ դիպլոմները նրանք ձեռք են բերել հայկական բուհերում, գրում են իսրայելական ԶԼՄ-ները: Ձերբակալութեան ակցիան ոստիկանության կողմից ստացել է «Սպանելու վկայական» անունը:

Հետաքննությունն սկսվել է, երբ պացիենտներից մեկը առողջապահության նախարարություն անանուն բողոք է հղել՝ իրեն բուժող բժշկի մասնագիտական հմտությունները կասկածի տակ դնելով:

Երկար ժամանակ հետաքննությունը գաղտնի է պահվել և միայն այն ժամանակ, երբ ոստիկանության ձեռքի տակ եղել են բավարար ապացույցներ, կասկածյալները, որոնց մեծ մասն արաբներ են, կալանավորվել են:

Կասկածյալները սովորել են Հայաստանի տարբեր բուհերում՝ «Սուրբ Թերեզա», «Մխիթար Գոշ», «Հայբուսակ»: Խաբեբայի օգնությամբ նրանք ընդունվել են այդ բուհեր, կարճ ժամանակ այնտեղ սովորել, ապա ստացել դիպլոմ՝ կրթության ավարտի մասին:

Կասկածյալների տներում խուզարկությունների ժամանակ հայտնաբերվել է գրականություն այն մասին, թե ինչպես բժշկական համալսարաններում դժվարությունների հանդիպող ուսանողները կարող են իրենց կրթությունը շարունակել հայկական կամ վրացական համալսարաններում:

Կասկածյալները կկանգնեն դատարանի առաջ: