Նորատուսցի Արան ազատ արձակվեց

Հյուսիսային պողոտայում գործող ակումբներից մեկում տեղի ունեցած խուլիգանության գործով կալանավորված, քրեական աշխարհում «Նորատուսցի Արա» անունով հայտնի Արա Բանդուրյանը քիչ առաջ ազատ է արձակվել «Նուբարաշեն» ՔԿՀ–ից։ Տեղեկությունը ԼՈւՐԵՐ․com-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց ԱՆ քրեակատարողական ծառայության վարչության պետ Նոնա Նավիկյանը։

Ի դեպ, Արա Բանդուրյանն ազատ է արձակվել ոչ թե համաներմամբ, այլ՝ գրավի կիրառմամբ․ «Նա ազատ է արձակվել 2 մլն գրավի դիմաց»։

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը և նրա նկատմամբ թույլատրելի ճանաչել գրավը։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ին ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը, ժամը 2-ին, Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ, իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Արա Բանդուրյանը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին ոստիկանության ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ։