ՎԻԴԵՈ. Կոռուպցիոն խոշոր բացահայտում ՊԵԿ-ում

ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձին միջնորդի միջոցով առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու փորձերի և պետական ծառայություն իրականացնող ՊԵԿ պաշտոնատար անձի՝ իր պաշտոնեական կարգավիճակն օգտագործելով, կաշառք տվողի ու ստացողի միջև համաձայնությանը նպաստելու վերաբերյալ ՊԵԿ քննչական ծառայությունից ստացված տեղեկատվության կապակցությամբ նախապատրաստված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել էր քրեական գործ։

Գործի նախաքննության շրջանակում, Հատուկ քննչական ծառայության, ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ և ՊԵԿ աշխատակիցների ձեռնարկած միջոցառման արդյունքում, ապացույցներ են ձեռք բերվել, որ ՊԵԿ ավագ հարկային տեսուչ Արտակ Պետրոսյանը, տեղյակ լինելով ՊԵԿ քննչական վարչությունում քննվող մի ընկերության վերաբերյալ քրեական գործի մասին, իրեն ծանոթ, այդ ընկերության հաշվապահությունն իրականացնող գրասենյակի փոխտնօրեն Արտյոմ Գասպարյանին համոզել ու դրդել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալ։ Ըստ Պետրոսյանի՝ կաշառքը հասցեատերերին հասնելու դեպքում քրեական գործի վարույթը պետք է կարճվեր։ Ստանալով Գասպարյանի համաձայնությունը՝ Պետրոսյանը 2018թ․ հունիս-հոկտեմբեր ամիսներին նրանից խաբեությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ 5․000․000 դրամ։