Ռոբերտ Քոչարյանի արտառոց միջնորդությունը․ երկրորդ նախագահը փորձել է լռեցնել «Առաջին լրատվական»-ին

1in.am-ը գրում է. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Սկիզբ մեդիա» ՍՊԸ-ի՝ 1in.am կայքի դեմ իր կողմից ներկայացված հայցի շրջանակներում դատարանին միջնորդել է լրատվականին արգելել մինչև դատական գործով վերջնական դատական ակտի կայացումը հրապարակել որևէ հոդված, որը կվերաբերի իրեն:

Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը միջնորդել է արգելել լրատվամիջոցին իր անվան հետ կապված հոդվածներ հրապարակել: Հայցվորը հայտնել է, որ 2018 թվականի հունիս ամսին ընկերությունը հրապարակել է տարբեր հոդվածներ, որոնցում արատավորել է հայցվորի պատիվը և արժանապատվությունը, քանի որ հրապարակայնորեն ներկայացված փաստերը ամբողջությամբ չեն համապատասխանում իրականությանը:

Դատարանը նշել է, որ հայցի ապահովում կիրառելու նպատակով հայցվորը բավարար հիմնավորումներ չի ներկայացրել միջնորդություն ներկայացնող անձին էական վնաս հասցնելու հանգամանքների վերաբերյալ: Ավելին՝ հայցի ապահովման կիրառումը կարող է իրավաբանական անձի գործունեության իրականացման համար ստեղծել էական խոչընդոտներ: Հետևաբար, դատարանը գտնում է, որ հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը նշված իրավակարգավորման հիմքով ենթակա է մերժման: Դատարանի որոշման մեջ ասվում է. «Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի՝ ընդդեմ «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊ ընկերության` զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու և զրպարտության դիմաց փոխհատուցում ստանալու պահանջների մասին, քաղաքացիական գործով հայցվորի ներկայացուցչի միջնորդությունը` հայցի ապահովում կիրառելու վերաբերյալ, մերժել: Որոշումը կարող է բողոքարկվել»:

Մանրամասները սկզբնաղբյուրում: