Քոչարյանը՝ «հուզական գրգռվածության վիճակում»

1in.am-ը գրում է.

Ռոբերտ Քոչարյանը շարունակում է հարցազրույցներ տալ ռուսական լրատվամիջոցներին ու երբեմն այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ դրանք, մեղմ ասած, ինքնանպատակ են։ Այլ խոսքով՝ խնդիրը ոչ թե երկրորդ նախագահի ասելիքն է, այլ ստեղծվող տպավորությունը, որ նրա ձեռքերն այնքան «երկար» են, որ հասնում են Կրեմլի վերահսկողության տակ գտնվող բոլոր ազդեցիկ կայքերին։

Այս տպավորությունն այնքան էլ խաբուսիկ չէ, երբ ծանոթանում ենք lenta.ru կայքում այսօր թողարկված հարցազրույցին։ Այսօրվա հարցազրույցում, ըստ էության, չկա որևէ նոր ասելիք, եթե նկատի չունենանք մի քանի ուշագրավ ակնարկներ, որոնք պաշտոնաթող նախագահն արել է իր երբեմնի կամ պոտենցիալ դաշնակիցների հասցեին։

«Որևէ կասկած չունեի առ այն, որ այս ներկայացումը կխաղան ու կնշանակվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դրանում որևէ զարմանալի բան չկա, քանի որ մյուս ուժերը բավականաչափ քաղաքական կամք չեն դրսևորել ու չեն համագործակցել այս ամենը կանխելու համար»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը:

Երկրորդ նախագահը, անշուշտ, ակնարկում է, որ ինքն ամեն ջանք ներդրել է հին համակարգի ուժերին կոնսոլիդացնելու նպատակով, սակայն նրանց մոտ բացակայել է քաղաքական կամքը։ Քոչարյանը, հավանաբար, ակնարկում է հոկտեմբերի 2-ի «գիշերային» նիստի, դրան հետևած իրադարձությունների մասին։ Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանն ու Գագիկ Ծառուկյանը կանխեցին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն «կլանելու» Քոչարյանի փորձը՝ ըստ էության, վերջինիս թողնելով խաղից դուրս վիճակում։ Հենց դրանից հետո էր, որ պաշտոնաթող նախագահը հայտարարեց նոր կուսակցություն ստեղծելու և քաղաքական սերնդափոխության անհրաժեշտության մասին։ Քոչարյանի այդ ուղերձի իմաստն այն էր, որ նա այլևս չի հավատում նույնիսկ նախկին համակարգի սեգմենտներին ու մտադիր է հույսը դնել բացառապես իր վրա։ Այսօրվա հարցազրույցով երկրորդ նախագահը, ըստ էության, վերահաստատում է իր այդ դիրքորոշումը։

Երկրորդ նախագահն ասել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ելքը կանխորոշված է, քանի որ «այժմյան Հայաստանում ընտրազանգվածի մի մասը գտնվում է էյֆորիայի մեջ ու պատրաստ չէ առարկայական բանավեճի, ինչն էլ նշանակում է, որ սխալ որոշումների կայացման ռիսկերը կտրուկ աճում են»:

Մանրամասները սկզբնաղբյուրում: