«Խնդրում եմ նշել գոնե մեկ պատճառ, թե ինչու մենք արժանի չենք համաներման». Նելլի Մինասյան

Քաղաքացիական ակտիվիստ Նելլի Մինասյանը, որը հանդիսանում է «Նորք-Մարաշի զինված խմբի» գործով ամբաստանյալ, ֆեյսբուքյան իր էջում դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին և Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին:

«Պարոն Փաշինյան և պարոն Զեյնալյան. բազմաթիվ տարբերակներով փորձել եմ կապվել ձեզ հետ, որպեսզի ներկայացնեմ Նորք-Մարաշի զինված խմբի գործը, որի շրջանակներում ես ևս հանդիսանում եմ ամբաստանյալ, սակայն ապարդյուն, դուք անհասանելի եք, այժմ երբ միակ ու վերջին հույսը համաներումն էր, որով և մենք կստանանք ազատություն, պարզվում է, որ մեզ բացարձակ չեք հիշել, սա՞ էր սպասված ԱՆՆԱԽԱԴԵՊ համաներումը: Խնդրում եմ անդրադառնալ և նշել գոնե մեկ պատճառ, թե ինչու մենք արժանի չենք համաներման մեջ ընդգրկվելու, նույն պայքարի շրջանակներում ազատում եք «Սասնա Ծռեր» խմբի անդամներին, ինչը շատ ողջունելի է, քանի որ նրանք արդարության մարտիկներն են, սակայն մեր և նրանց տարբերությունն այն է, որ մենք որևէ գործողություն չենք արել, իրենք հասցրել են անեն, պայքարը նույնն էր, նախկին իշխանությունների դեմ: Ինձ առաջադրված է իշխանության յուրացում, նույն հոդվածը՝ ինչ ռոբերտ քոչարյանին, սա համարում եք նորմա՞լ, մենք արդյոք նույն աստիճանի վրա կարո՞ղ ենք գտնվել, և ի՞նչ իշխանություն եմ յուրացրել ես:
Այժմ խնդրում և պահանջում եմ նշել այն պատճառները, որը թույլ չի տալիս մեզ ունենալ շուրջ 3 տարի սպասված լիարժեք ազատությունը…»: