Ծառուկյանի որդու դղյակի սևագործ աշխատանքը կատարել են գազալիցքավորման կայանների աշխատակիցները՝ առանց դրա համար վարձատրվելու

Վերջերս MAMUL.am-ը հրապարակել էր մի քանի նյութ, որոնցում քաղաքացիները ներկայացնում էին Գագիկ Ծառուկյանին պատկանող ընկերություններում տարիներ շարունակ տեղի ունեցած պարտադրանքներն ու աշխատանքի շահագործման դեպքերը:

Նյութերի հրապարակումից հետո Գագիկ Ծառուկյանը մի քանի անգամ փորձեց հասնել նրան, որ դրանք հեռացվեն և հրապարակվի հերքում, ինչպես նաև խմբագրությունը հրապարակային ներողություն խնդրի:

Ստանալով մերժում՝ Ծառուկյանը դիմեց դատարան:

Զուգահեռաբար, մեր խմբագրությունը քաղաքացիներից նոր տեղեկություններ է ստանում վերոնշյալ թեմաների վերաբերյալ:

Այսպես. Գագիկ Ծառուկյանի գազալիցքավորման կայաններում աշխատող աշխատակիցների տրամադրած նոր տեղեկությունների համաձայն, իրենց պարտադրել են անվճար մասնակցել Գագիկ Ծառուկյանի որդու դղյակի կառուցման աշխատանքներին:

Ներկայացնում ենք աշխատակցի ներկայացրած փաստերի բառացի սղագրումը. «…իրա երկրորդ տունը սարքելուց սաղ զապրավչիկներն են սարքել, սև գործը մեզ են տարել, որ անենք: Իրա տան հետևը, սարի գլխին… էդ էլ տղու տուննա, տղու համար սարքինք… ոչ հաց, ոչ ջուր, ոչ փող… սաղ ձրի աշխատելով սարքել ենք»: